Մինչ ամառային հանգստից հետո եվրոպական մեծ ֆուտբոլը «մանրից» վերադառնում է դեպի իրեն վաղուց կարոտած մարզասերը, աշխարհը, ի դեմս Ամերիկայի գավաթի հերթական խաղարկության, կանանց ու մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության, շարունակում է ապրել ֆուտբոլային լիարյուն կյանքով:
Նախ` առաջինի մասին:
Գավաթի խաղարկությանը մասնակցում է 12 թիմ, որոնք բաժանված են երեք ենթախմբի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված հավաքականներին կմիանա երրորդ տեղը գրաված, լավագույն արդյունք ցույց տված ևս երկու թիմ` կազմելով ուժեղագույն ութնյակ, որն էլ հուլիսի 16-ից կմասնակցի մեկ քառորդ եզրափակչի խաղերին, որին, բնականաբար, կհետևեն նախ կիսաեզրափակիչ, ապա եզրափակիչ խաղերը: Այսքանը, այսպես ասած, խաղարկության կաղապարային հատվածից:
Այժմ խաղերի որակական կողմի մասին:
Ասել, թե դրանք մի առանձնակի հմայքի մեջ են թողել հանդիսատեսին, թերևս այնքան էլ ճիշտ չի լինի: Պատճառները շատ են: Մի դեպքում դրանք կարող են մեկնաբանվել մեկնարկային խաղերին բնորոշ լարվածությամբ, երկրորդ դեպքում` ֆուտբոլիստների խաղակցվածության բացերով, երրորդ դեպքում` խաղաքարտերը վաղօրոք չբացելու մարտավարությամբ, չորրորդ դեպքում` մեկ այլ բանով և այլն, սակայն մարզասերին խոշոր հաշվով հետաքրքրողը խաղի բովանդակային, գեղագիտական կողմն է, որն առայժմ մնում է առաջնության ամենաթույլ կողմը: Ինչ խոսք, որ դեռ կհասցնենք դիտել բարձրակարգ ֆուտբոլ, որովհետև խաղարկությանը մասնակցում է եվրոպական առաջնություններից հայտնի համաշխարհային ֆուտբոլի մի ողջ աստղաբույլ` գումարած բուն ֆուտբոլային մայրցամաքայինը` ծագող աստղ բրազիլացի Նեյմարով, ում արդեն իսկ համեմատում են Պելեի հետ ու մրցակից դիտում Մեսիի նման մեգաաստղին: Այնպես որ, կասկած չկա` մենք դեռ հասցնելու ենք տեսնել հուզական մեծ կրքեր, ֆուտբոլային կատարյալ փոթորկումներ: Լավագույնի սպասումով այսքանը` Ամերիկայի գավաթի հերթական խաղարկության մասին:
Ինչ վերաբերում է մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, այն արդեն հասել է լարվածության գագաթնակետին, ինչի ուղղակի վկայությունը մեկ քառորդ եզրափակիչի խաղերն էին:
Չափազանց հետաքրքրական ստացվեց Գերմանիա-Անգլիա մրցավեճը: Առաջին խաղակեսի երկու գոլերին գումարելով 53-րդ րոպեին խփած երրորդ գնդակը` գերմանացիները քիչ էր մնում ամեն ինչ կորցնեին, երբ անգլիացիներին հաջողվեց պատասխանել երկու գնդակով, ու խաղը հասցնել լարվածության բարձրակետին: Ի բարեբախտություն գերմանացիների, խաղն ավարտվեց այդ նույն հաշվով, և նրանք արդեն կիսաեզրափակիչում են:
Ոչ պակաս դիտարժան էր նաև Ֆրանսիա-Մեքսիկա դիմակայությունը: Վերջիններս ավելի հաջողակ գտնվեցին ու հաղթեցին 2:1 հաշվով: Այսպիսով, կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին միմյանց դեմ կելնեն ՈՒրուգվայն ու Բրազիլիան (առաջինը քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է ՈՒզբեկստանի, երկրորդը` Ճապոնիայի հավաքականին` 3:2), մեկ օր անց` Գերմանիան ու Մեքսիկան:
Ավարտին է մոտենում նաև Գերմանիայում ընթացող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը: Հետևում են մնացել խմբային մրցաշարերը, ի հայտ են եկել ուժեղագույն այն ութ թիմերը, որոնք իրավունք են ստացել հանդես գալու մեկ քառորդ եզրափակիչում: Հուլիսի 9-ին կմրցեն Անգլիա-Ֆրանսիա, Գերմանիա-Ճապոնիա, հաջորդ օրը` Շվեդիա-Ավստրալիա, Բրազիլիա-ԱՄՆ զույգերը: Հարկ է նշել, որ բոլոր խաղերն անխտիր անցնում են բացառիկ լարվածության պայմաններում. կանայք ցույց են տալիս իրենց սեռին բնորոշ գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ, իսկ աշխարհի վերջին երկու առաջնությունների անփոփոխ հաղթող Գերմանիան փայլուն հնարավորություն է ստացել հաջողությունը կրկնելու երրորդ անգամ:
Կիսաեզրափակիչ խաղերը կայանալու են հուլիսի 13-ին, երրորդ տեղի համար խաղը` հուլիսի 16-ին: Առաջնության հաղթողն ի հայտ կգա մեկ օր անց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ